Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ:

2. Որո՞նք են առաջին ախտանիշները, որոնք ապացուցում են ալերգիայի առկայությունը:

Ալերգիաները կարող են արտահայտվել տարբեր ախտանիշներով՝ մարմնի ցանավորման, այտուցների, քորի, փռշտոցի, քթահոսության, դժվարաշնչության դրսևորումներով: Այտուցը կարող է լինել մարմնի տարբեր հատվածներում՝ դեմքի շրջանում, կոկորդում, վերջույթների վրա, ամենուր:

3. Ինչպե՞ս որոշել ալերգիայի պատճառը:

Ալերգիայի պատճառ կարող են լինել ծաղկափոշին, սնունդը, դեղորայքը, օրգանիզմի հորմոնալ խանգարումները: Ալերգիայի պատճառը փորձ է արվում պարզել անամնեզի և սպեցիֆիկ հետազոտությունների միջոցով:

4. Ե՞րբ դիմել մասնագետի:

Երբ ալերգիկ երևույթն արտահայտվում է ցանավորման, փռշտոցի, քորի, այտուցի կամ մեկ այլ դրսևորմամբ, անհրաժեշտ է դիմել բժշկի:

5. Ինչպե՞ս որոշել. դիմել ալերգոլոգի՞, թե՞ մաշկաբանի:

Հանկարծակի առաջացած մաշկային ցանի, այտուցի դեպքում առաջին հերթին պետք է դիմել ալերգոլոգի: Իսկ եթե մաշկային ցանավորումը բուժման ֆոնի վրա չի անցնում, երկարատև է և անվերջ անհանգստացնում է հիվանդին, ապա պետք է դիմել նաև մաշկաբանի:

6. Ինչպե՞ս է ալերգոլոգը պարզում ալերգիայի պատճառները:

Եթե հիվանդն արդեն դիմել է բժշկի, առաջին հերթին, ալերգիայի պատճառը պարզելուն օգնում է անամնեզը, զուգահեռ իրականացվում են արյան , մեզի հետազոտություն և սպեցիֆիկ հետազոտություններ ալերգենների նկատմամբ:

7. Ո՞ր թեստերն են ամենահավաստին ալերգիայի ախտորոշման համար:

Ամենահավաստին մաշկային թեստերի միջոցով ալերգենների նկատմամբ հետազոտությունն է լաբորատոր պայմաններում: Կան սննդային, կենցաղային և այլ ալերգենները որոշող թեստեր:

8. Ալերգիայի ի՞նչ տեսակներ կան:

Կան սեզոնային, դեղորայքային, սննդային և այլ չպարզված պատճառներով ալերգիաներ:

9. Որո՞նք են սննդային ալերգիայի պատճառները և հիմնական ալերգենները:

Սննդային ալերգիաները հիմնականում ի հայտ են գալիս սննդակարգի չարաշահումներից, օրինակ, կծու, թթու, գրգռող սնունդ, ցիտրուսներ շատ օգտագործելու դեպքում կարող է առաջանալ ալերգիկ վիճակ՝ ցանավորման, քորի, այտուցի և այլ դրսևորումներով:

10. Ի՞նչ ալերգիկ հակազդեցություն ունի օրգանիզմը սննդային հավելումների, կոնսերվանտների, սննդային գունաներկերի նկատմամբ:

Սննդային ալերգիայի պատճառ կարող են լինել նաև թվարկվածները՝ իրենց մեջ առկա քիմիական բաղադրիչների պատճառով, նաև` արագ սնունդը: Ալերգիայի հատկապես հակված են այն մարդիկ, որոնց մոտ պատճառների զուգակցում կա, օրինակ, սննդային գործոնի համատեղումը որևէ դեղորայքի հետ: Նման համատեղումը կարող է բարդացնել վիճակը և առավել նպաստավոր լինել ալերգիայի առաջացման համար:

11. Ի՞նչ սննդակարգը ընդունել սննդային ալերգիայի ժամանակ:

Նախ պետք է սննդից բացառել այն սննդատեսակները, որոնք ալերգիայի պատճառ են: Պետք է բացառվեն նաև ալերգիկ վիճակներին նպաստող սննդատեսակները, ինչպիսիք են՝ կծու, թթու, գրգռող կերակուրները, ցիտրուսները, ձուն, շոկոլադը, ելակը և այլն: Թույլատրվում է օգտագործել հիմնականում դյուրամարս սնունդ՝ ապուրներ, բանջարեղենից՝ վարունգը, մրգերից թույլատրվում է միայն խնձորը եփած վիճակում և խնձորի հյութը: Մյուս մրգերը սուր վիճակներում պետք է բացառել. Միայն բուժումից հետո ալերգոլոգը խորհուրդ է տալիս թույլատրելի սննդակարգը:

12. Որքանո՞վ են վտանգավոր արոմատիզատորները:

Պետք է կենցաղում քչացնել դրանք, կամ լիովին հրաժարվել:

13. Ի՞նչ կապ կա իմունոդեֆիցիտի և ալերգիայի միջև:

Իմունոդեֆիցիտը օրգանիզմի իմուն համակարգի ընկճումն է, որը հիմնականում ի հայտ է գալիս կրած տարբեր հիվանդությունների արդյունքում, ինչը նպաստող դերակատարում ունի ալերգիաների առաջացման գործընթացում: Որքան արտահայտված է իմունեդեֆիցիտը, այնքան մարդն առավել հակված է ալերգիայի զարգացմանը:

14. Ի՞նչ է ինսեկտային ալերգիան, որո՞ն ք են պատճառները և հիմնական ալերգենները:

Ինսեկտային ալերգիաներն առաջանում են միջատների խայթոցից՝ մեղու, բզեզ և այլ միջատներ: Այս դեպքերում հաճախ է զարգանում ալերգիայի բարդացած դրսևորումներից մեկը՝ անաֆիլակտիկ շոկը, որին բնորոշ է ճնշման կտրուկ անկումը և անհապաղ պետք է շտապ օգնություն կանչել: Անաֆիլակտիկ շոկը, սովորաբար, առաջին խայթոցից չի զարգանում, այլ երկրորդ, երրորդ խայթոցից, ուստի պետք է ապագայում զգուշանալ այդ միջատներից:

15. Ի՞նչ  է դեղորայքային ալերգիան, որո՞նք են պատճառները և հիմնական ալերգենները:

Դեղորայքային ալերգիաներ առաջանում են ցավազրկողներից, ջերմ իջեցնող դեղերից, հակաբիոտիկներից և այլ դեղերից: Ցանկացած դեղ, նույնիսկ հակաալերգիկ դեղերը կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Այս դեպքում նույնպես ալերգիայի արտահայտություններն են՝ մարմնի ցանավորումը, այտուցը, քորը, երբեմն՝ անաֆիլակտիկ շոկը:

16. Ի՞նչ է կոնտակտային ալերգիան, որո՞նք են պատճառները:

Կոնտակտային ալերգիաների հիմնական պատճառները քիմիական՝ մաքրող, լվացող նյութերն են, կոսմետիկ միջոցները, դեղորայքային քսուկները: Այս դեպքում հիվանդը չպետք է օգտագործի այն նյութը, որից նրա մոտ ալերգիկ ռեակցիա է ի հայտ գալիս:

17. Ո՞ր հիվանդություններն են հուշում օրգանիզմում ալերգիայի առկայության մասին:

Կան հիվանդություններ, որոնց ժամանակ հաճախ ալերգիկ ֆոն կարող է զարգանալ: Դրանցից են՝ ռևմատիզմը, ռևմատոիդ արթրիտները, մանկական հասակում ի հայտ եկող ալերգիկ վիճակները, ատոպիկ դերմատիտները, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները, աուտոիմուն թիրեոդիտները, որոնք արդեն համարվում են դարի հիվանդություն և մեր պրակտիկայում շատ հաճախ են հանդիպում: Այս հիվանդություններից է նաև ցելիակիան, որն առաջ է գալիս ցորենի հաց օգտագործելիս, ինչը սննդակարգոից բացառելուց հետո ալերգիկ դրսևորումները վերանում են:

18. Ի՞նչ է եղնջացանը:

Եղնջացանն ի հայտ է գալիս մաշկի վրա: Իր արտահայտությամբ շատ նման է եղնջի խայթոցի ժամանակ մաշկի վրա առաջացած ցանին՝ անհարթ եզրերով, մաշկից մի փոքր բարձր, հիպերեմիկ և սաստիկ քոր առաջացնող: Պատճառները կարող են տարբեր լինել` և՛ սնունդը, և՛ դեղորայքը և՛ այլ ալերգեն հանդիսացող նյութեր:

19. Ի՞նչ է Կվինկեի այտուցը:

Կվինկեի այտուցը տվյալ համախտանիշը նկարագրած հեղինակի անունով է կոչվում: Այն տարբեր պատճառներից ի հայտ եկող ալերգիայի բավականին բարդ արտահայտություններից է, որը դրսևորվում է մարմնի տարբեր  հատվածներում առաջացող այտուցով: Վտանգավոր տարբերակ է կոկորդում առաջացող այտուցը, պացիենտը գանգատվում է ձայնի խռպոտությունից, շնչահեղձությունից, կոպերի, շրթունքների, ականջների, վերջույթների՝ ոտնաթաթերի, դաստակների շրջանում այտուցներից: Նման իրավիճակներում պետք է շտապ օգնություն հրավիրել:

20. Ի՞նչ է անաֆիլակտիկ շոկը:

Անաֆիլակտիկ շոկը ալերգիայի ժամանակ երբեմն արտահայտվող ախտանիշ է՝ զարկերակային ճնշման անկման դրսևորմամբ, որի ժամանակ անմիջապես առաջ է գալիս գիտակցության կորուստ: Անաֆիլակտիկ շոկը լինում է հիմնականում մեղվի խայթոցից, դեղորայքի ընդունումից, սննդից  և այլն:

21. Ի՞նչ է ալերգիկ կոնյուկտիվիտը կամ գարնանային կատարը:

Ալերգիկ կոնյուկտիվիտը աչքի լորձաթաղանթի հիպերեմիան է, այտուցվածությունը, արցունքահոսությունը: Այն հիմնականում ի հայտ է գալիս գարնանն ու ամռանը՝ ծաղիկների ծաղկման ժամանակ: Նման դեպքերում նույնպես անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկի:

22. Ի՞նչ է պոլինոզը կամ խոտային տենդը:

Պոլի ֆրանսերեն նշանակում է փոշի, իսկ պոլինոզը և խոտային տենդը ծաղկափոշիներից առաջացող ալերգիկ վիճակներ են՝ ալերգիկ ռինիտի երևույթներով ընթացող: Ծաղկափոշին տեղակայվում է քթի լորձաթաղանթում, որի հետևանքով սկսվում է փռշտոց, քթահոսություն, աչքերի քոր:

23. Որո՞նք են  գարնանային ալերգիայի պատճառները:

Դրանք ծաղկափոշիներն են. հիմնականում գարնանը ծաղկող ծաղիկների: Կարող են լինել կամ ալերգիկ կոնյուկտիվիտի կամ, ռինիտի դրսևորումով, հաճախ այս երկու ախտանիշը զուգակցվում են:

24. Ի՞նչ է ատոպիկ դերմատիտը:

Ատոպիկ դերմատիտին բնորոշ են լիխենոիդային պապուլաները, լիխենիզացիաները, որոնք երբեմն կրում են քրոնիկ ընթացք: Դրանք հիմնականում հանդիպում են մանկական տարիքում և կարող են ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում: Ատոպիկ դերմատիտի ժամանակ հիվանդը գանգատվում է հիմնականում վերջույթների շրջանում` ցանից և քորից: Եթե հիվանդությունը ժամանակին չկանխարգելվի, կկրի խրոնիկ բնույթ: Պատճառները տարբեր են՝ ցիտրուսները, քաղցրավենիքը և այլն: Խնդրի դեպքում երեխային պետք է զերծ պահել այդ ալերգեններից:

25. Ի՞նչ կապ կա ճիճվակրության և ալերգիայի միջև:

ճիճվակրությունը շատ տարածված է, հանդիպում է տարիքային բոլոր խմբերում, հատկապես` երեխաների մոտ: Այն նպաստում է ալերգիաների առաջացմանը: Մայրերը պետք է ուշադիր լինեն, եթե երեխան դյուրագրգիռ է, նկատում է գիշերային թքահոսություն, ատամների կրճտոց, հետանցքի քոր, պետք է դիմի բժշկի խորհրդատվության և համապատասխան հետազոտություններ անցնի:

26. Ալերգիան ժառանգակա՞ն է:

Այո, ալերգիանները երբեմն փոխանցվում են ժառանգական ճանապարհով:

27. Բրոնխիալ ասթման ալերգի՞կ հիվանդություն է:

Այո, բրոնխիալ ասթման համարվում է ալերգիկ հիվանդություն: Գոյություն ունեն ատոպիկ ասթմաներ, որոնք հիմնականում առաջանում են ծաղկափոշիներից՝ ծառերի ծաղկման շրջանում և ինֆեկցիոն ալերգիկ ասթմաներ, որոնք ռեսպիրատոր վարակների հետևանք են:

28. Ի՞նչ կապ կա իմունիտետի և ալերգիայի միջև:

Իմունիտետի անկումը նպաստում է ո՛չ միայն տարբեր հիվանդությունների, այլ նաև ալերգիայի զարգացմանը:

29. Կոսմետիկան և ալերգիան:

Քանի որ կոսմետիկ միջոցները հիմնականում քիչթեշատ պարունակում են քիմիական նյութեր, կարող են դառնալ կոնտակտային ալերգիայի պատճառ: Չի բացառվում նաև բնական հումքից պատրաստված կոսմետիկ միջոցների հանդեպ ալերգիա առաջանալու հավանականությունը: Դա անհատական բնույթ ունի:

30. Ինչպե՞ս ապահովել ինքդ` քեզ, ալերգիայի վտանգավոր դրսևորումներից, եթե այն ախտորոշված է:

Եթե ալերգիայի պատճառը պարզված է, պետք է զերծ մնալ հիմնական ալերգեններից և միշտ ձեռքի տակ ունենալ հակաալերգիկ դեղորայք, միջոցներ: Սննդային և դեղորայքային ալերգիաների ժամանակ ցանկալի է նաև մաքրող հոգնաներ կատարել:

31. Բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան: Կա՞ն ալերգիայի բուժման սպեցիֆիկ մեթոդներ:

Հիմնական ժամանակակից մեթոդները հակաալերգիկ դեղերն են, դեզինտոքսիկացիոն՝ ներերակային կաթիլային ներարկումները, սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիաները, որոնք իրականացվում են միայն հիվանդանոցային պայմաններում: Բուժման սպեցիֆիկ մեթոդի ժամանակ ալերգենի հանդեպ թեստերի կամ արյան հետազոտության արդյունքում որոշվում է ալերգենը, և կատարվում տվյալ ալերգենի նկատմամբ պատվաստում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ